0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ներկայացնում ենք «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ֆուտբոլային անցած ուղղու մասին 15 առավել հետաքրքիր փաստեր։

1. Եղիշե Մելիքյանն իր առաջին ֆուտբոլային քայլերը կատարել է ֆուտբոլի հանրապետական մարզադպրոցում (ներկայիս «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա)։ Դեռ պատանի տարիքից հաստատապես ցանկություն ունենալով դառնալ ֆուտբոլիստ, 10 տարեկանից սկսած նա հաճախել է Մալաթիայի ֆուտբոլի մարզադպրոց, որը գտնվում էր անմիջապես իր բնակության վայրին մոտ։

2. Եղիշե Մելիքյանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է նորաստեղծ Երևանի «Երևանը», որի կազմում 1995թ.-ին նա իր նորամուտն է նշել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Սակայն ֆուտբոլային ճանապարհը դեռևս նոր սկսած Մելիքյանի համար ստացած ծանր վնասվածքը և մի քանի վիրահատությունները կարող էին խաչ քաշել նրա հետագա կարիերայի վրա, ինչի հետևանքով նա շուրջ 2 տարի խաղադաշտ դուրս չի եկել։

                                       Արտաշատի «Դվին» թիմը (1997թ.)

3. Ապաքինվելով ծանր վնասվածքից, Մելիքյանը հանդես է եկել Արտաշատի «Դվինում», որի կազմում 1996/97թթ. մրցաշրջանում նվաճել է Հայաստանի Բարձրագույն խմբի ուղեգիր։

4. Իր առաջին գոլը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Եղիշե Մելիքյանը խփել է հենց «Դվինի» կազմում՝ 1998թ.-ի հոկտեմբերի 28-ին, առաջնության 7-9-րդ տեղերի համար խաղում գրավելով «Ղարաբաղի» դարպասը։

Հայաստանի չեմպիոն Արարատի «Ցեմենտը» (1999թ.)

5. 1999թ.-ի առաջնության առաջին խաղաշրջանի ավարտից հետո, նա համալրել է Հայաստանի չեմպիոն Արարատի «Ցեմենտի» շարքերը, ապա շարունակել է ելույթները վերանվանված «Արաքսում»։ 2001-02 և 2007-08թթ. Եղիշե Մելիքյանը խաղացել է Երևանի «Բանանցում», եղել է վերջինիս ավագը, իսկ 2009-10թթ. որոշակի ժամանակահատված հանդես է եկել Երևանի «Ուլիսում»։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում նա անցկացրել է 164 խաղ և խփել 15 գնդակ։

                                 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի գավաթով (2007թ.)

6. Մելիքյանը 1 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն («Արաքս», 2000թ.), 1 անգամ՝ փոխչեմպիոն («Բանանց», 2007թ.), 3 անգամ՝ երրորդ մրցանակակիր («Ցեմենտ», 1999թ., «Բանանց», 2002թ., «Ուլիս», 2010թ.) և 2 անգամ՝ Հայաստանի գավաթակիր («Ցեմենտ», 1999թ., «Բանանց», 2007թ.)։

Հայաստանի 2002թ.-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցույթում Եղիշե Մելիքյանը 7-8-րդ տեղերն է կիսել Արամ Հակոբյանի հետ, ինչպես նաև ընդգրկվել է 2002թ.-ի Հայաստանի առաջնության խորհրդանշական հավաքականում։

Դոնեցկի «Մետալուրգի» նորեկների շնորհանդեսը (2003թ. մարտ)

7. 2003թ.-ի փետրվարին, Մելիքյանը 3 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որի կազմում 2002/03 և 2004/05թթ. մրցաշրջաններում դարձել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Դոնեցկյան թիմում Մելիքյանը ելույթ է ունեցել մինչև 2006թ.-ի ամառ, որից հետո կես մրցաշրջան վարձավճարով խաղացել է Ալչևսկի «Ստալում»։ Նա հանդես է եկել նաև Լուգանսկի «Զարյայում» (2009թ.), «Կրիմտեպլիցայում» (2010թ.) և Ուժգորոդի «Գովերլայում» (2011-12թթ.)։

Եղիշե Մելիքյանը՝ Դոնեցկի «Մետալուրգի» կազմում ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության իտալական «Պարմայի» դեմ խաղից առաջ (2003թ.)

8. Իր առաջին գոլն Ուկրաինայի Բարձրագույն խմբում Մելիքյանը խփել է 2004թ.-ի հունիսի 10-ին՝ առաջնության 28-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Մետալուրգի» կազմում գրավելով Լուցկի «Վոլինի» դարպասը։

9. Ուկրաինայի Պրեմիեր լիգայի առաջնություններում Եղիշե Մելիքյանն անցկացրել է 86 խաղ (Դոնեցկի «Մետալուրգում»՝ 58, Ալչևսկի «Ստալում»՝ 9, Լուգանսկի «Զարյայում»՝ 14, Ուժգորոդի «Գովերլայում»՝ 5)։

Այդ ցուցանիշով, նա Ուկրաինայի Բարձրագույն խմբի առաջնություններում հանդես եկած հայ ֆուտբոլիստների մեջ զբաղեցնում է 4-րդ տեղը՝ զիջելով միայն Արմեն Հակոբյանին (211 խաղ), Հենրիխ Մխիթարյանին (109 խաղ) և Գեղամ Ղադիմյանին (95 խաղ)։

Իսկ ահա Դոնեցկի «Մետալուրգի» կազմում, որտեղ ուկրաինական թիմերից ամենաշատ թվով հայ ֆուտբոլիստներն են հանդես եկել, Մելիքյանն առաջնությունում անցկացրած խաղերի քանակով զիջում է միայն Գևորգ Ղազարյանին (59 խաղ):

10. Թեև Ուկրաինայի Բարձրագույն խմբում Եղիշե Մելիքյանն աչքի է ընկել 4 անգամ, սակայն այդ գոլերից երկուսը տարբեր վարկածներով ճանաչվել են տուրի լավագույն գոլեր։

2006թ.-ի հոկտեմբերի 1-ին, Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում, Եղիշե Մելիքյանը Ալչևսկի «Ստալի» կազմում 81-րդ րոպեին հեռահար հարվածով գրավել էր Դոնեցկի «Շախտյորի» դարպասը՝ դառնալով իր թիմի միակ գոլի հեղինակը (1-3)։ Այդ գոլն Ուկրաինայի հեռուստատեսային «Գոլ» հեռուստածրագրով ճանաչվել էր տուրի ամենագեղեցիկը և նույն հեռուստածրագրի կողմից ընդգրկվել էր նաև սեպտեմբեր ամսվա լավագույն գոլ անվանակարգի 4 հավակնորդների շարքում։

Իսկ 2012թ.-ի օգոստոսի 11-ին, Եղիշե Մելիքյանը հանդես գալով Ուժգորոդի «Գովերլայի» կազմում, 54-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով անակնկալի էր բերել Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» դարպասապահ Յան Լաշտուվկային։ Նրա խփած այդ գնդակն ուկրաինական UA-Football կայքում անցկացված հարցմամբ ճանաչվել էր 5-րդ տուրի լավագույն գոլը։

11. Հետաքրքիր է, որ Հայաստանում հանդես գալու ժամանակահատվածում Մելիքյանին երկու անգամ հաջողվել է գրավել «Փյունիկի» դարպասը։

2002թ.-ի ապրիլի 13-ին, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության անդրանիկ տուրի «Փյունիկ» - «Բանանց» (3-1) մրցավեճում, «Բանանցի» ավագ Եղիշե Մելիքյանը 75-րդ րոպեին գրավել էր «Փյունիկի» ռուս դարպասապահ Ռուսլան Լյաշչուկի դարպասը։

Իսկ 5 տարի անց՝ 2007թ.-ի հունիսի 14-ին, Հայաստանի Բարձրագույն խմբի 9-րդ տուրի «Փյունիկ» - «Բանանց» (5-1) խաղում, կրկին «Բանանցի» ավագի պարտականությունները կատարող Մելիքյանը 11-րդ րոպեին հեռահար հարվածով գրավել էր «Փյունիկի» կամերունցի դարպասապահ Ջիոֆակ Միլլերի պաշտպանած դարպասը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։

12. Մինչ Հայաստանի ազգային հավաքականում ելույթներ ունենալը, Եղիշե Մելիքյանը 1998-2001թթ. հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, որի կազմում անցկացրել է 11 հանդիպում։

Երիտասարդական հավաքականում նա իր նորամուտը նշել է 1998թ.-ի հոկտեմբերի 13-ին, Կիևում կայացած Ուկրաինայի երիտասարդական հավաքականի դեմ (0-8) խաղում՝ 84-րդ րոպեին փոխարինելով Ռոմիկ Խաչատրյանին։

Հոլանդիա - Հայաստան խաղից առաջ (2005թ.)

13. Հայաստանի ազգային հավաքականում Եղիշե Մելիքյանն իր նորամուտը նշել է 2002թ.-ի հոկտեմբերի 16-ին, Աթենքում կայացած Եվրո-2004-ի ընտրական փուլի Եվրոպայի ապագա չեմպիոն Հունաստանի հավաքականի դեմ (0-2) խաղում՝ խաղադաշտ դուրս գալով 81-րդ րոպեին։ Նրան առաջին անգամ ազգային հավաքական էր հրավիրել մեր ընտրանու այն ժամանակվա գլխավոր մարզիչ արգենտինացի Օսկար Լոպեսը։

Ընդանուր առմամբ, Եղիշե Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 30 խաղ, որոնցում աչքի է ընկել 2 գոլային փոխանցմամբ։

Իր վերջին խաղը Հայաստանի ազգային հավաքականում նա անցկացրել է 2007թ.-ի սեպտեմբերի 12-ին, Մալթայի ընտրանու դեմ ընկերական խաղում։

14. 2013թ.-ի տարեսկզբին, Եղիշե Մելիքյանն ավարտել է ֆուտբոլիստի իր կարիերան, որից հետո անցել է մարզչական աշխատանքի՝ մարզելով Դոնեցկի «Մետալուրգի» մինչև 18 տարեկանների թիմը։ 2015թ.-ին նա աշխատել է «Մետալուրգի» Մ19 և Մ21 թիմերի հետ։ Մարզչական կարիերայում Մելիքյանի հաջորդ ակումբը եղել է Կամենսկի «Ստալը», որտեղ նա 2016-17թթ. գլխավորել է «Ստալի» Մ19 և Մ21 թիմերը, ապա 2017/18թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ստանձնել է Կամենսկի «Ստալի» գլխավոր մարզչի ղեկը։ 2019/20թթ. մրցաշրջանում Մելիքյանը դարձել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Լվովի» գլխավոր մարզիչը, որտեղ մինչ այդ աշխատել է մարզչի օգնականի կարգավիճակում։ 2020թ.-ի ամռանը, նա վերադարձել է Հայաստան և գլխավորել Երևանի «Ալաշկերտը»։

2020թ.-ի արդյունքներով Եղիշե Մելիքյանն ընդգրկվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիչ անվանակարգի 6 թեկնածուների ցանկում։

15. Մելիքյանն ունի ՈւԵՖԱ-ի մարզչական PRO կարգի արտոնագիր։ Նա համակարգել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված PRO արտոնագրի դասընթացները:

 

Վերջին նորություններ